Իրանի ՊՆ-ն հայտարարել է Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցների մասին
IranԻրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտնել է, որ առկա են երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցներ: Այս մասին հայտնում է Iran Press-ը:
Հաթամին նամակներ է հղել ավելի քան 60 երկրի Պաշտպանության նախարարներին, որում կոչ է արել հրաժարվել պետական ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներից ու դատապարտել այդ անմարդկային հանցանքը:
«Կան լուրջ ապացույցներ այս սպանության մեջ իսրայելական ռեժիմի գործուն մասնակցության վերաբերյալ»,- նշել է պաշտպանության նախարարը, հավելելով, որ իրենց իրավունք են վերապահում արձագանքել այդ գործողությանը:
Նոյեմբերի 27-ին Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր Հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն: Մոհսեն Ֆախրիզադեն հինգ իրանցիներից մեկն էր, ով ընդգրկվել էր աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Նոյեմբերի 28-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել էր Ֆախրիզադեի սպանությունը և դրանում մեղադրել «սիոնիստական ռեժիմին»: