Ղրղզստանում կառավարման ձեւի շուրջ հանրաքվեն կայացել է, մասնակցությունը գերազանցել է 30 տոկոսի շեմը
ԱշխարհՂրղզստանի քաղաքացիների՝ երկրի կառավարման ձեւի փոփոխման հունվարի 10-ի քվեարկությունը կայացած է ճանաչվել, քանի որ մասնակցությունը ժամը 18:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 16:00-ի) կազմել է 33,08 տոկոս՝ գերազանցելով անհրաժեշտ 30 տոկոսի շեմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հնաձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ կազմել է 33,13 տոկոս: Ընտրողների առավել մեծ ակտիվություն է գրանցվում Իսիկ-Կուլի մարզում ՝ 39,2 տոկոս, Բիշքեկում մասնակցությունը կազմել է 31,86 տոկոս: Ամենանվազ մասնակցությունը գրանցվել է Չույսկի մարզում ՝ 22,39 տոկոս։
Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Նուրժան Շայլդաբեկովան հայտնել է, որ հանձնաժողովը վերլուծելու է իրավիճակը, որը կապված է Ղրղզստանում ընթացող հանրաքվեին ցածր մասնակցության հետ:
«Քանի որ մենք ունենք քվեարկության մասնակիցների թվի հաշվարկի հավաստի համակարգ, ապա ասեմ, որ դա ընտրողների իրական մասնակցությունն է, և դա է կարևորը։ Մենք, իհարկե, վերլուծելու ենք ցածր մասնակցությունը», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, 2016-ի հանրաքվեի ժամանակ մասնակցությունը նույնպես շատ ցածր էր՝ 42,03 տոկոս։ «2016-ի հանրաքվեում գրեթե համանման մասնակցություն է եղել, հանրաքվեներում միշտ ավելի քիչ են գործընթացի շահագրգիռ մասնակիցները», - նշել է Շայլդաբեկովան:
Կիրակի Ղրղըզստանում անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ, ինչպես նաեւ հանրաքվե, որտեղ քաղաքացիներն ընտրում են երկրի կառավարման ձեւը՝ խորհրդարանական կամ նախագահական: Ղրղզստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են 17 թեկնածուներ։ Քվեարկության օրը բացվել են 2,47 հազար ընտրատեղամասեր, այդ թվում ՝ 48-ը արտերկրում։ Հանրապետության տարածքում տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08: 00-ին եւ կփակվեն 20:00-ին: Նախագահի արտահերթ ընտրությունները կայացած կճանաչվեն ցանկացած մասնակցության դեպքում։