Գիշերը կրակոցներ են հնչել Արցախում․ ովքեր են եղել հեղինակները (տեսանյութ)
НКՀամացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Ստեփանակերտում գիշերը կրակոցներ են հնչում։ Տեղեկություններ են տարածվել, թե իբր կրակոցներ արձակողները ադրբեջանցիներն են եղել:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱՀ ոստիկանությունից հայտնեցին, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և գիշերը ավտոմատի կրակահերթով Ստեփանակերտում օդ կրակողը հայ է եղել, Ստեփանակերտի քաղաքացի։
«Ս.թ. հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 2 բնակիչների, որոնք, բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- փոխանցեցին ԱՀ ոստիկանությունից։
Ըստ տարածված տեղեկությունների՝ կրակող քաղաքացիները գտնվել են ոչ սթափ վիճակում, ալկոհոլի ազդեցության տակ։ Քաղաքացիներն իրենց արարքը հիմնավորել են այսպես՝ թե Շուշիից օդ են կրակել, իրենք էլ նրանց ի պատասխան կրակ են արձակել։
Սոնա Հարությունյան