Գերմանիայի ԱԳՆ֊ն մեկնաբանել է Նավալնիի ձերբակալությունը
WorldԳերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը կրկնել է այլ երկրների կոչը՝ ազատ արձակելու ռուսական Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին, ով նախօրեին ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանում: Ինչպես հայտնի է, Ալեքսեյ Նավալնին, ով երկարատև բուժումից հետո Գերմանիայից Ռուսաստան էր վերադառնում, ձերբակալվեց հենց օդանավակայանում։ Քրեակատարողական դաշնային ծառայությունը նախապես հայտարարել էր, որ նախատեսում է ձերբակալել նրան, քանի որ դատարանը պետք է որոշի՝ պայմանական պատժի «չարամիտ խախտումների» պատճառով նրա պայմանական պատժաչափը փոխարինելու մասին հարցը: «Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը միանգամայն անբացատրելի է: Անհրաժեշտ է կիրառել օրենքի գերակայություն և քաղաքացիական իրավունքների պաշտպանության սկզբունքներ, որոնք Ռուսաստանը պարտավոր է կատարել` հիմնվելով սահմանադրության և միջազգային պարտավորությունների վրա: Նա պետք է անհապաղ ազատ արձակվի», - Թվիթերի իր էջում գրել է Հեյկո Մաասը: