Վիգեն Ստեփանյանը պատրաստ էր ակտիվ դերակատարում ունենալ երկրում խնդիրների լուծման ճանապարհին. Վազգեն Մանուկյան
ԲլոգոսֆերաՀայրենիքի փրկության շարժման նարկայացուցիչները և վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցագիր են հղել դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի մահվան կապակցությամբ, որում նշել են, որ Վիգեն Ստեփանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորի համար:
«Վիգեն Ստեփանյանը ոչ միայն փայլուն դերասան էր, տաղանդավոր բեմադրիչ ու ռեժիսոր, այլև մտավորական, սկզբունքային քաղաքացի, որն ուներ հստակ քաղաքացիական կեցվածք, պատասխանատվության բարձր զգացում իր երկրի ու ժողովրդի առաջ:
Նա անհաշտ էր բոլոր այն բացասական երևույթների նկատմամբ, որոնք արմատավորվել են մեր երկրում հատկապես վերջին ժամանակներում: Նա պատրաստ էր ակտիվ դերակատարում ունենալ այդ խնդիրների լուծման ճանապարհին, և ճանապարհներից մեկն էլ Հայրենիքի փրկության շարժումն էր:
Խորապես ցավակցում ենք անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գաղափարակիցներին:
Վազգեն Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժում»,- ասված է ցավակցագրում։