Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները
НКԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին նախագահական նստավայրում հանդիպել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հնչած հարցերին` անդրադառնալով նախապատերազմյան, պատերազմական իրողություններին, հետևանքներին, անվտանգությանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մյուս ոլորտներին, դրանց զարգացման տեսլականին ու անելիքներին:
Անդրադառնալով Արցախի պետական համալսարանի ուսանողների ուսման վարձավճարների հարցին` երկրի ղեկավարը հայտարարել է, որ ԱրՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող բոլոր ուսանողների 2020-2021 ուսումնական տարվա վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության Կառավարությունը:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ա. Հարությունյանին` հանդիպումը համարելով սպասված և անհրաժեշտ: