Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ
ПолитическиеԽորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի թափուր պաշտոնում ընտրեց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին:
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր: Գագիկ Ջհանգիրյանի օգտին կողմ է քվեարկել 86, դեմ՝ 3 պատգամավոր:
Դավիթ Խաչատուրյանի օգտին 89 պագամավորներից կողմ է քվեարկել 85-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 3-ը դեմ են քվեարկել:
Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ ամբիոնից երդվեց. «Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Ջհանգիրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: