Ղարաբաղյան կարգավորման գործընթացը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ․ Մեդվեդև
Արտաքին ՔաղաքականՂարաբաղյան կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: «Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր: Ադրբեջանի համար շատ մոտ երկիր է: Այս գործոնը չի կարող անտեսվել», - ասել է Մեդվեդևը լրագրողներին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահներն անընդհատ շփվում են այս թեմայի շուրջ, որոշվել է ստեղծել ընդհանուր կառավարման հատուկ վերահսկման կենտրոն, որին մասնակցում են Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք: «Ռուս֊թուրքական համատեղ կենտրոնը նաև ընդհանուր կայունացման տարր է: Բայց ես դա չեմ գնահատում՝ որպես որևէ երկարաժամկետ քաղաքականության տարր կամ չեմ դիտարկում՝ որպես դավադրության տեսություններից մեկը: Մենք պարզապես պետք է հաշվի առնենք մեր տարածաշրջանում առկա իրողությունները: Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկվի Թուրքիայի մեր գործընկերների հետ», - ասել է Մեդվեդևը: