Հայաստանում մեծ թվով պետական կառույցներն արագ արձագանքում են միայն իրենց ղեկավարներին ուղղված քննադատություններին. Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա
Հայաստանում մեծ թվով պետական կառույցները, որպես կանոն, արագ արձագանքում են միայն իրենց ղեկավարներին ուղղված քննադատություններին և օպերատիվ գործում այն ժամանակ, երբ տարածվող տեղեկատվությունը վտանգ է ներկայացնում իշխանության ընդհանուր հետաքրքրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Օրեր առաջ՝ փետրվարի 1-ին, անդրադարձել էի ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում զետեղված պաշտոնական հաղորդագրություններից մեկին, որով տեղեկացում էր, որ հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, փետրվարի 1-ին փոխանցվել են Ադրբեջանին։
Թեմայի հետ կապված հիմնական հարցադրումս վերաբերվում էր ձերբակալման փաստին, հանգամանքներին, հապճեպ Ադրբեջանին վերադարձնելուն և վերոնշյալ միջադեպի՝ ՌԴ պաշտոնական խողովակներով, հայ հանրությանը հայտնելուն։
Միջադեպից անցել է 5 օր ու այդպես էլ ՀՀ որևէ կառույց այս կամ սրա որևէ էլեմենտի վերաբերյալ պարզաբանումներ չի ներկայացրել։
Հայաստանում մեծ թվով պետական կառույցները, որպես կանոն, արագ արձագանքում են միայն իրենց ղեկավարներին ուղղված քննադատություններին և օպերատիվ գործում այն ժամանակ, երբ տարածվող տեղեկատվությունը վտանգ է ներկայացնում իշխանության ընդհանուր հետաքրքրություններին։
(Մեկնաբանություններում կրկին կզետեղեմ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունը)»,- գրել է Աբրահամյանը։