Բայդենը խոստացել է, որ կստիպի Ռուսաստանին «հատուցել» ամեն ինչի համար
МирԱՄՆ-ն կստիպի Ռուսաստանին «հատուցել» իր գործողությունների համար: Այս մասին, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, Պետդեպարտամենտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը:
«Ես, ի տարբերություն իմ նախորդի, նախագահ Պուտինին հասկացրի, որ այն օրերը, երբ ԱՄՆ-ն հանձնվում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջև` միջամտությունը մեր ընտրություններին, կիբերհարձակումները, իր քաղաքացիների թունավորումները, ավարտվել են: Մենք առանց վարանելու ստիպելու ենք Ռուսաստանին հատուցել և պաշտպանելու ենք մեր ժողովրդի կենսական շահերը», - ասել է նա:
Բայդենը նաև կոչ է արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ով դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկմամբ:
«Նավալնիի` քաղաքական դրդապատճառով կալանավորումը և հավաքների ազատությունը ճնշելու Ռուսաստանի փորձերը. սա հարց է, որը խորապես մտահոգում է մեզ և ողջ միջազգային հանրությանը»,- ասել է Բայդենը: