Մի մասը վերջացած սրիկաներ են, մի մասը՝ նորմալ հայ մարդիկ․ Աղվան Վարդանյանը ԱԺ էր գնացել՝ իմքայլականներին ճանաչելու
Political«Վաղուց չէի եղել ԱԺ-ում, վերջին անգամ եղել էի 2018թ․ մայիսի 1-ին։ Ուզում էի տեսնել, ծանոթանալ, շփվել այս գումարման պատգամավորների հետ։ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի պատգամավորներին ճանաչում եմ, իմքայլական պատգամավորներին ճանաչելու մասին է խոսքը, որոնց մի մասը վերջացած սրիկաներ են, մի 3-4 հոգի կա, որ մտքի, հումորի գիգանտներ են, մի զգալի մասն էլ նորմալ հայ մարդիկ են, մի մասի ծնողներին ճանաչում, մի քանիսի հայրերին եմ ճանաչում, մի քանիսի մայրերին եմ ճանաչում։ Ինձ հետաքրքիր է հայ ընտանիքներում մեծացածների այս տեսակը, հոգեկան ու հոգեբանական վիճակը, մտքերը, տեսակետներն ու կարծիքները, թե ինչպե՞ս են կարողանում այս իրավիճակում շարունակել ծառայել մեկ անձի, որը երկիրը հասցրել է այս վիճակին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունը պետք է հեռանա․ «Նոյեմբերի կեսերին ճանապարհային քարտեզ են հրապարակել, անցել է մոտ 3 ամիս, վերցրեք այն և նայեք, թե ինչ է կատարվել և արվել, հերթական սուտը, հերթական մանիպուլյացիան, իշխանության վրա կառչած մնալու ձգտումը, բայց որ հեռանալու են՝ վստահ եղեք»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ասում է վերադառնում է քաղաքականություն և կրելու է, ինչի՞ հիման վրա է ասում՝ ի պատասխան Վարդանյան ասաց․ «Նայեք այս իշխանության կազմը, հատկապես վերջին ամիսներին համալրված կազմը, որոնց ես բեսպիլոտնիկներ եմ անվանում․ մեջները մարդ չկա, բայց վնաս են տալիս։ Պարոն Քոչարյանի հարցազրույցները բոլորդ լսել եք, մի բան կարող եք անել՝ համեմատել պարոն Քոչարյանի հարցազրույցները բունկերից կամ հրապարակային արած ելույթների հետ։ Պարոն Քոչարյանը ոչինչ երբեք կիսատ չի թողել, վստահ եղեք՝ եթե ինքը մտել է պայքարի մեջ, ապա այն հաջողությամբ ավարտվելու է»,- ասաց Աղվան Վարդանյանը։