Վարազդատ Կարապետյանը հրաժարվել է Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից
ПолитическиеՎարազդատ Կարապետյանը դիմում է ներկայացրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու համար։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի նախկին պատգամավորը, որը 2020թ. նոյեմբերի 25-ին հայտարարել էր օրենսդրի մանդատը վայր դնելու և Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու մասին: Իսկ ներկա պաշտոնից հրաժարվելը Կարապետյանը պատճառաբանել է նրանով, որ ստեղծված իրավիճակում երկրից բացակայելու ժամանակը չէ:
«Հրաժարվելով Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից՝ հասկանում եմ, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու այս խայտառակ պարտության դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետություն, ազգային տեսիլք, առաքելություն, մշակված ռազմավարություն պետք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր հարաբերությունների մասին»,-նշել է նա:
Վարազդատ Կարապետյանն Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: