Մեր նպատակն է աջակցել ընդդիմությանը քննիչ հանձնաժողովի աշխատանքում․ Գևորգ Պապոյան
ՔաղաքականՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, թեև համամիտ չէ Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի որոշ աշխատանքների հետ, սակայն նպատակ ունի չխանգարել, նույնիսկ աջակցել ընդդիմությանը:
Այս մասին հանձնաժողովի նիստում վստահեցրե «Իմ քայլի» Գևորգ Պապոյանը:
Ըստ պատգամավորի՝ պրոցեսի միջնամասում մի երևույթի գնահատական տալը սխալ է: Նա նշեց, որ անգամ բժշկությունն էլ չունի վերջնական պատասխաններ: «Բայց միևնույն ժամանակ ունենք դիրքորոշում՝ որևէ ձևով չխանգարել մեր ընդդիմադիր գործընկերներին, ընդհակառակը՝ օգնել, եթե անհրաժեշտ է, նաև մեր մասնակցությամբ, օգնությամբ կառավարության անդամներին հրավիրել այստեղ, որպեսզի նրանք պատասխանեն բոլոր հարցերին՝ անկախ նրանից՝ մենք դրանք համարում ենք լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ»,- ասաց Պապոյանն ու հավելեց՝ այդ նպատակով է, որ «Իմ քայլը» անդամները կառավարությանը ուղղված հարցաշարում հարցեր չեն ներառել:
Սակայն իշխանական խմբակցության անդամները հանձնաժողովի աշխատանքը կատարելու պրոցեսում տեսնում են ինչպես իրավաչափության, այնպես էլ անարդյունավետության տարրեր: «Մենք համարում ենք, որ հարցերի մի մասը չենք կարող քննարկել, քանի որ իրավաչափության հետ կապված խնդիր կա, մյուս մասն էլ չենք կարող քննարկել, քանի որ անհնար է դրանց արդյունավետությունը գնահատել, երբ պրոցեսը շարունակական է: Իրավիճակը զարգացման փուլում է գտնվում»,- ասաց Պապոյանը:
Հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ արձագանքեց. «Արդյունավետությունը գնահատվելու է ոչ թե ընդհանուր պայքարի առումով, այլ առանձին միջոցառումների արդյունավետության առումով: Պանդեմիան շարունակական է, չգիտենք, թե երբ կավարտվի: Սակայն խնդիրը նրանում է, որ պետք է գնահատական տանք, թե արդեն իսկ ինչպիսի միջոցառումներ են կայացել: Դրա համար յուրաքանչյուր միջոցառման իրականացման մասով խնդրել ենք կառավարությունից տրամադրել տեղեկատվություն՝ ամսական կտրվածքով, որպեսզի կարողանանք դատողություններ իրականացնել դրանց վերաբերյալ»:
Ըստ նրա՝ այս ամենը պետք է նրա համար, որ երկիրը ձևավորի կարողություններ՝ նմանատիպ համավարակներին դիմակայելու, հաղթահարելու համար: Խաչատրյանը վստահեցրեց՝ իրենց նպատակը ոչ միայն թերությունների արձանագրումն է, այլ, կառավարությանը առաջարկություններ ներկայացնելով, այդ կարողությունների զարգացմանը նպաստելը: