«Կարմիր գծերի տուգանքը նամակով չեն ուղարկում»․ քաղաքացիները դժգոհում են, քաղաքապետարանը՝ պարզաբանում
SocietyՀամացանցում տեղեկություններ են տարածվել, որ կարմիր գծերի տուգանքը Երևանի քաղաքապետարանն այլևս չի ուղարկում նամակով, և դրանց մասին հնարավոր է լինում տեղեկանալ միայն azdarar.am կայքի միջոցով։ Քաղաքացիները դժգոհում են՝ այս հանգամանքն ավելորդ քաշքշուք է առաջացնում, որպեսզի իրենք չհասցնեն բողոքարկել տուգանքները։ Թե որն է առաջացած խնդրի պատճառը, փորձեցինք պարզել համապատասխան մարմիններից։
ԼՈՒՐԵՐ․com-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են, որ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտերի գոյության մասին դրանց հասցեատերերն իրազեկվում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 283-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերի համաձայն։ Մասնավորապես՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումներն օրենքով սահմանված կարգով առաքվում են վարչական ակտերի հասցեատերերի հասցեներով՝ պատշաճ ծանուցմամբ․ «Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» կայքում: Այն դեպքում, երբ համապատասխան որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, որոշումը հանձնված (պատշաճ ծանուցված) է համարվում որոշման մասին ծանուցումը կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նույն վայրից տեղեկացնում են նաև, որ քաղաքացիները վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու դեպքերի առթիվ կայացված վարչական ակտերին կարող են ծանոթանալ նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական «yerevan.am» կայքում:
Ավելի վաղ սոցիալական ցանցի օգտատերերից Մկրտիչ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Երևանի քաղաքապետարանը ծուղակ է պատրաստել, զգույշ եղեք, մեջը չընկնեք։ Կարմիր գծերի տուգանքը էլ չեն ուղարկում նամակով, դնում են azdarar.am-ում, դու բանից բեխաբար ապրում ես, մեկ էլ մի 4 ամիս հետո ԴԱՀԿ-ից հաշիվներդ սառեցնում են։ Պարզվում է, որ դու պիտի բան ու գործ թողես, սաղ օրը azdarar.am մտնես, որ նկատես՝ հո Երևանի քաղաքապետարանը չի որոշել կարմիր գծի ակտ ուղարկի քեզ։ Էդ փողերը թողելու եմ սառած մնա հաշիվներիս, դիմեմ դատարան։ Գնացեք մի քիչ էլ դուք քաշքշվեք։ Իսկ քաղաքապետարանի թեժ գիծ ասվածը գոյություն չունի։ Մի ամբողջ օր զանգում ես՝ ձայն բարբառո հանապատի»,- գրել է քաղաքացին, որի գրառման մեկնաբանություններում իրենց բողոքն են արահայտում նաև այլ քաղաքացիներ։
Սոնա Հարությունյան