Ես ոչ միայն քաղաքականություն իրականացնող եմ, այլև մշակող. Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին
ՔաղաքականԵս կարծում եմ, որ կուսակցությունը կուսակցություն է, որում կա կոլեկտիվ մտքի և վերլուծության մոդելավորման ինստիտուտ: Այս մասին այսօր՝փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, որում պետք է հաշվարկներ և գործողություններ իրականացվի՝ 3 քայլ առաջ լինելով. «Դա լավ կլինի թե՛ քո երկրի, թե կուսակցության և թե՛ քո ժողովրդի համար: Դու պետք է այնպիսի քայլեր անես, որը արդյունք կբերի, քո վճռականությունը չպետք է մնա տեսական մակարդակում, այլ դու պետք է վճռական քայլերով գնաս առաջ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ քայլեր է ցանկանում անել՝ հաշվի նստելով իր կուսակցական թիմի հետ:
Վերջինս անդրադարձավ նաև մամուլում լայն տարածում գտած այն տեղեկությանը, որը իր կուսակցությունից դուրս գալու մասին էր. «Ես ինքս ինձնից կարա՞մ հեռանամ: Ես կուսակցությունում ոչ միայն քաղաքականություն իրականացնող եմ, այլև քաղաքականություն մշակող եմ. նաև ես եմ մշակում քաղաքականությունը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ այդ խոսակցությունները իրենց ինչ-որ տեղ ուրախացնում են. «Ուրեմն կան ինչ-որ կենտրոններ, որոնք շատ խիստ անհանգստացած են իմ հետևողական քաղաքական վարքագծով»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը: