Արծրունը, որ խաբում էր բոլորիս՝ հանցագործություն չէր, բայց ինչ-որ ֆեյքի տված այլընտրանքային տեղեկատվությունը իշխանությունները համարում են այդպիսին
SocietyԱյս գործը ամոթալի է ցանկացած պետության հատուկ ծառայության համար: Այս մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Կարեն Բեքարյանի դեմ մեղադրանքներին:
«Մեղադրանքներից մեկն այն է, որ այդ ֆեյքը քննադատում էր իշխանություններին և այլընտրանքային տեղեկություն էր տալիս, այսինքն` Արծրունը, որ խաբում էր բոլորիս, դա հանցագործություն չէր, բայց որ ինչ-որ ֆեյք տալիս էր այլընտրանքային տեղեկություն, որ կարելի է տեսնել, որ ճշմարտության բավականին մեծ հատված ուներ և հանրային վտանգավորություն իրենից չէր ներկայացնում, այսօր իշխանությունները համարում են հանցագործություն: Եվս մեկ կարևոր հանգամանք, որ Սահմանադրական դատարանի կողմից կասեցված է այդ արարքի քրեականացումը, և այս պայմաններում պետությունը հանցագործություն է համարում: Սա նշանակում է, որ գործ ունենք մարդկանց հետ, որ ուղղակի իրավունք չունեն որևէ մեկի աչքին նայեն և ասեն՝ մենք իրավաբան ենք. խոսքը վերաբերում է այս գործով քննիչի գործառույթ իրականացնող իրավաբաններին»,- նշեց Մելիքյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ չնայած Վահագն Վարագյանի կողմից` դատարանի նախագահի վերաբերյալ երկու օր առաջ կատարված բացահայտմանը, այնուհանդերձ պետք է չմոռանալ, որ գործ ունենք շատ դեպքերում իրենց բարձունքի վրա գտնվող դատավորների հետ, և Կարեն Բեքարյանի մասով դատարանը կկայացնի իրավաչափ որոշում:
«Վահագն Վարագյանը բարձրաձայնել է փաստ, որը վերաբերում է ստուգելի երևույթների՝ դատարանի նախագահը կոնկրետ վայրում է եղել, մարդիկ են ներկա եղել, և հստակ եղել են ձևակերպումներ, որ աներկբա ձևով վկայում են դատավորի նկատմամբ կոնկրետ գործով ճնշում գործադրելու մասին: Ունենք դատական իշխանությունում մարդիկ և իրավիճակներ, երբ ոչ թե պատվերն է առաջնահերթ, այլ իրավունքի գերակայությունը, և ես հույս ունեմ, որ այսօր մենք կունենաք իրավունքի գերակայության, այլ ոչ թե խայտառակության հաղթանակ»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի նաև նրա նկատմամբ կալանավորումը~ որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը: