Վարչապետի աթոռը զբաղեցրած անձի կողմից արվեց կոնկրետ քայլ՝ գլխատել Զինված ուժերը․ Արծվիկ Մինասյան
ՔաղաքականՈչ թե անձին ազատելու խնդիրն է այս գործընթացի հիմքում դրված, այլ ինստիտուտի նկատմամբ վերաբերմունք է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում՝ լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառանալով Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացնելու Արմեն Սարգսյանին ուղարկված առաջարկին։
«Մենք խոսում ենք մի համակարգի մասին, որն արձագանքել է կառավարության և վարչապետի աթոռը զբաղեցրած անձի գործողություններին, որին հետևել է աթոռը զբաղեցրած անձի կողմից կոնկրետ քայլ՝ գլխատել Զինված ուժերը։ Այն, ինչ մինչ այժմ նախագահական համակարգում կատարվում էր՝ երբ առաջարկությունները պարզապես մեխանիկորեն ստորագրվում, հիմա կարծում եմ, որ վերափոխվելու է, որովհետև նախագահն ունի սահմանադրական պարտականություններ, լիազորություններ և սահմանադրությունն էլ ունի կոնկրետ ամրագրված նորմեր և սկզբունքներ, մասնավորապես՝ Զինված ուժերը, որպես երկրի անվտանգության երաշխավոր, անմիջականորեն կապված է նրա բարձրագույն հրամանատարական կազմի պրոֆեսիոնալիզմի հետ։ Ես կարծում եմ, որ սա ստանդարտ մոտեցում չէ, և չի կարելի մեկնաբանել նախագահի՝ նախկինում ցուցաբերած վարքագծին համահունչ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։