Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից
Քաղաքական«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ժողովո՛ւրդ ջան, արթնացե՛ք, ժամանա՛կն է:
Հայաստանում ստեղծված իրադրության պայմաններում այսուհետ լռելը հավասարազոր է մեր երեխաների, մեր սերունդների և մեր երկրի հանդեպ հանցանք գործելուն։ Յուրաքանչյուր հայ պետք է սթափ գիտակցի, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մշտապես լսել էինք մի բան՝ սպասվելիք պատերազմը լինելու է կարճատև և հենց կարճ պատերազմի հետևանքով էլ «լուծվելու է հողերի հարցը», սակայն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար ամենադաժան ու երկարատև պատերազմի միջոցով լուծեց հարցը։
Բոլորս հասկանում ենք, որ այս իշխանություններին շատ քիչ ժամանակ մնացել, սակայն յուրաքանչյուր օրը մեր ժողովրդին ու մեր երկրին ի վնաս է աշխատում։ Միամտություն է կարծել, որ մարդը, որը ստել է 3 տարի շարունակ, այժմ հնարավոր է` իր խոստումները կատարի։ Հետևաբար, չպետք է հավատալ սուտ խոստումներին։
Մեր առաջնահերթ խնդիրն է օր առաջ ազատվել մի մարդուց, ով իշխանության գալու օրվանից անդադար ստել է սեփական ժողովրդին և երկիրը տարել դեպի կործանում:
Փորձեմ թվարկել այս պահին մտաբերած մի քանի խոստում, որոնք տրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն այդպես էլ չեն կատարվել։
Այսպես, իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր
- Ստեղծել ռազմարդյունաբերական հզոր համալիր, փակել 80-ականների զենքերի «ամոթալի» էջը, մինչդեռ հենց Փաշինյանն է գնել հայտնի Սու-30-երը, որոնք այդպես էլ օդ չբարձրացան պատերազմի օրերին, երբ կար դրանց անհրաժեշտությունը։
- Բարելավել հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, սակայն հենց այդ խոստման ֆոնին արվում է հայտարարություն, որ ռուսական ռազմաարդյունաբերության պարծանքը համարվող «Իսկանդեր» մարտավարական համալիրը արդյունավետ չի գործում։
- Ստեցին` ասելով թե «օդը փակ է», սակայն մեր պարտության պատճառը եղավ «օդը բաց» լինելը։
- Իսպառ վերացնել կոռուպցիան, մինչդեռ, ըստ միջազգային կառույցների զեկույցների, համակարգային կոռուպցիան Հայաստանում չի վերացել։
- Կոպեկ առ կոպեկ վերադարձնել «թալանված» գումարները, մինչդեռ բյուջե են վերադարձվել իսկապես կոպեկներ՝ խոստացածի համեմատ։
- Բյուջեն ավելացնել 100 միլիոն դոլարով, իսկ այսօր մենք բախվել ենք բյուջեի դեֆիցիտի։
- Զերծ մնալ դատավորների վրա ճնշում գործադրելուց, բայց այսօր դատավորները գտնվում են քաղաքական աննախադեպ ճնշման տակ և անվանարկվում են հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հրապարակային նրանց վրա դաջելով «պատերի տակ վնգստացողի» պիտակը։
- Վերացնել տնտեսական մենաշնորհները, մինչդեռ մենաշնորհային համարվող ապրանքների շուկաներում այդպես էլ փոփոխություններ չարձանագրվեցին։
- Իմանալով հանդերձ պատերազմի վտանգի մասին՝ բանտարկվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ում վերագրված մեղքերը մինչև այսօր չեն ապացուցվել:
- Ընդլայնել խորհրդարանական ընդդիմության լիազորությունները, սակայն այդ լիազորությունները 7-րդ գումարման ԱԺ-ում միայն կրճատվել են։
- Բացառել պաշտոնյաների՝ բիզնեսով զբաղվելը, մինչդեռ կան գործարար պատգամավորներ և նախարարներ։
- Ապաքաղաքականացնել ԲՈՒՀ-ը, սակայն իշխանությունները կենաց֊ մահու կռիվ են տալիս ԲՈՒՀ-ի ռեկտորների պաշտոններում յուրայիններին նշանակելու համար։
- Զերծ մնալ քաղաքական վենդետայից, բայց այսօր Հայաստանում իշխանությանը չհարող քաղաքական գործիչներն ուղղակիորեն թիրախավորվում են։
- Բացահայտել և պատժել «Մարտի 1-ի» պատասխանատուներին, մինչդեռ չկա՛ որևէ դատական վճիռ կամ հանցանքն ապացուցված պատասխանատու։
- Ամուլսարի հանքի շահագործման հարցում առաջնորդվել բացառապես բնապահպանների գնահատականներով, մինչդեռ Փաշինյանն օրեր առաջ արեց հանքի բացման անոնսը՝ առանց հաշվի առնելու անգամ իր կառավարության ձեռքում եղած փորձագիտական եզրակացությունը։
- Վերաբացել «Նաիրիտը» և ստուգել գործարանի վարկային պատմությունը․ Նաիրիտը այսօր թալանվում է, իսկ արժեքավոր սարքերը՝ մաս-մաս վաճառվում արտերկրում։
- Բացառել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը պետական կառավարման համակարգում. այսօր պետական համակարգը վերից վար կոմպլեկտավորված է հենց «խնամի֊ծանոթ֊բարեկամներով»։
- Բազմամիլիոնանոց ներդրումներ բերել Հայաստան, մինչդեռ հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ չկան։
- Նոր որակի բերել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները․ այսօր Սփյուռքն իրեն խաբված, մոռացված է համարում և ամոթահար է։
- Զերծ մնալ կադրային ջարդ իրականացնելուց, մինչդեռ ողջ պետական համակարգը մաքրվեց «սևերից» ու «նախկիններից» և փոխարինվեց յուրայիններով։
- Վերացնել 30 տոկոսանոց աղքատությունը․ Հայաստանում հեղափոխությունից շուրջ երեք տարի անց աղքատությունը 30 տոկոս է, ավելին՝ հանձնված տարածքներից փախստականների ճակատագիրն առկախված է։
- Բարելավել բիզնես միջավայրը ՓՄՁ-ի համար, սակայն հարկային բեռի «առյուծի բաժինն» այսօր դրված է հենց ՓՄՁ-ի վրա։
- Վարել աշխատանքի խրախուսման քաղաքականություն, բացել նոր աշխատատեղեր, մինչդեռ Հայաստանում հեղափոխությունից հետո կրճատվել է 70 հազար աշխատատեղ։
- Փաշինյանը Գավառում ցույց տվեց 589 մլն դոլարի ներդրումների ծրագրերի ցուցակ, որից մինչ օրս տեղեկություն չկա։
- Վերացնել սուպերվարչապետական համակարգը․ այն այսօր ավելի է ամրապնդվում։
- Չթանկացնել խմելու ջուրը և մյուս կոմունալ ծառայությունների վարձավճարները․ դրանք թանկացան խոստումը տալու անմիջապես հաջորդ օրը։
- Գազի գնի իջեցման շուրջ բանակցել ռուսական կողմի հետ․ գազի գինը այս ընթացքում հասցրել է թանկանալ երկու անգամ։
- Փոփոխություններ անել ՀՀ ընտրական օրենսգրքում, ինչը չի արվել։
- Կրճատել պետական պարտքը, մինչդեռ այսօր պետական պարտքը 6 միլիարդից հասել է 9 միլիարդի։
- Վատ կառավարիչներին անմիջապես հեռացնել զբաղեցրած պաշտոններից, սակայն ձախողած կառավարիչները համառորեն շարունակում են պաշտոնավարել՝ ունենալով զրո ՕԳԳ։
- Բացառել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, մինչդեռ ուժայինները շարունակում են կալանավորել քաղաքական գործիչների` նրանց քաղաքական հայացքների համար։
- Դեպի Հայաստան աննախադեպ ներգաղթ կազմակերպել. այսօր ականատես ենք նախադեպը չունեցող արտագաղթի։
- Վերացնել մեկ անձին (վարչապետին) չափից շատ լծակներ տալու արատավոր պրակտիկան (Ոստիկանության, ԱԱԾ-ի ենթակայության և այլն)․ այսօր, սակայն, Փաշինյանը իր ձեռքում է պահում ուժային կառույցների կոորդինացումը՝ օգտագործելով համապատասխան լծակները։
- Չներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, որը ներդրվեց հեղափոխությունից անմիջապես հետո։
- Նվազեցնել քաղաքացիների հարկային բեռը, մինչդեռ Հայաստանում հեղափոխությունից հետո ներդրվեցին 10-ից ավելի նոր հարկատեսակներ, եղածներն էլ բարձրացվեցին։
- Վերացնել կարմիր գծերը, մինչդեռ դրանք առ այսօր առկա են Երևանի փողոցներում։
- Զրոյացնել արագաչափերի տուգանքները, իսկ դուք այսօր ստանում եք տուգանքների ծանուցումներ։
- Արցախյան բանակցությունները վարել թափանցիկ, չանել ոչ մի քայլ՝ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու։ Արդյունքում՝ պարտված պատերազմ և գաղտագողի կնքված ստորացուցիչ կապիտուլյացիոն պայմանագիր։
- Փաշինյանը ստել է պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո։ Նոյեմբերի 9-ին նա պնդում էր, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են, մինչդեռ Շուշին արդեն վաղուց ընկած էր:
- Փաշինյանը խոստանում էր անհրաժեշտության դեպքում չհապաղել և «Իսկանդերով» հարվածել Բաքվին, սակայն արդյունքում՝ պարզվեց, որ «Իսկանդերով» հարվածել են, սակայն հարվածը բաժին է հասել հայկական Շուշիին։
Սա, իհարկե, ամբողջական ցանկը չէ։ Յուրաքանչյուրդ կարող եք շարունակել այս ցանկը մինչև անվերջություն։
Ժողովո՛ւրդ ջան, արթնացե՛ք, ժամանա՛կն է: Հայաստանում ստեղծված իրադրության պայմաններում այսուհետ լռելը հավասարազոր է մեր...
Опубликовано Arman Vardanyan / Արման Վարդանյան Воскресенье, 28 февраля 2021 г.