ԱՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանն իր մտահոգություններն է ներկայացրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
НКԱՀ ԱԺ «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն իր մտահոգություններն է ներկայացրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագածի վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է.
«Որևէ կասկած չկա, որ 2020թ. պատերազմից հետո մեր կյանքում պետք է կատարվեն մի շարք վերանայումներ, որոնք կարող են լինել նաև օրենսդրական կարգավորման միջոցով և դրանց հիմնական նպատակը առկա քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական և սոցիալական հարաբերությունների համապատասխանեցումն է հետպատերազմական իրավիճակին:
Այդ փոփոխությունների շարքում «Լեզվի մասին» օրենքը ամենաերևացողներից է, հաշվի առնելով մեր հաղորդակցման միջավայրի ընդլայնման փաստը և պետական ու ոչ պետական հաստատությունների առնչությունների նոր շրջանակը:
Ռուսաց լեզվի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքն ամրագրված է նաև գործող օրենքով, որի Հոդված 1-ի վերջին մասում գրված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է բնակչության մեջ տարածում գտած ռուսաց լեզվի և այլ լեզուների գործածումը»: Այս հիմքի վրա հանգիստ կարելի էր կառուցել ռուսաց լեզվի նշանակության ու կիրառության հարցերը նոր աստիճանի վրա դնելու հայեցակարգը:
Հետպատերազմական իրավիճակում մեր հանրությունը շատ ցավոտ և զգացմունքային է արձագանքում նախապատերազմական հանրային հարաբերությունները վերանայելու ցանկացած նախաձեռնության, որովհետև դրա տակ հասկացվում է նաև մեր ինքնուրույնության, ինքնիշխանության սահմանափակում:
Այն հանգամանքը, որ ռուսաց լեզվի կիրառման շրջանակները պետք է ընդլայնվեին, չի վիճարկվում որևէ խմբի, շրջանակի կողմից: Վիճահարույց են այն կետերը, որոնք ներկայացվել են Օրենքի նախագծին կից ներկայացված Հիմնավորման մեջ և այն ձևակերպումները, որ ներկայացվել են Օրենքի նախագծում: Արցախում ռուսերենի ընդունված և տարածված լինելը միշտ էլ առավելություն է համարվել տարածաշրջանում մյուս երկրների ու ժողովուրդների լեզվական մտածողության հետ համեմատ:
Կան բազմաթիվ օրինակներ, երբ տարբեր երկրներում ճիշտ հարաբերակցություն են գտել պետական լեզվի և այդ երկրում գործածվող այլ լեզուների միջև: Մեր հիմնական խնդիրը, առանց օրենքը խախտելու, պետական և ոչ պետական հաստատություններին հնարավորություն տալն է հաղորդակցվելու անվտանգության և համագործակցության նկատառումներով մեր երկրի տարածքում գործունեություն իրականացնող մարմինների, կառույցների և անձերի հետ:
Որպես ամփոփում՝ ռուսաց լեզվի կիրառության և գործածության շրջանակներն ընդլայնելու գաղափարն ընդունելի է, բայց այդ փոփոխությունները պետք է կատարել նախ՝ հանրային քննարկում և լսումներ կազմակերպելով և միայն հետո՝ օրենքի նախագիծ ներկայացնելով»: