Իշխանությունն ունի վարչապետի թեկնածու, որը Նիկոլ Փաշինյանն է. Հովիկ Աղազարյանը` Արտակ Թովմասյանի հայտարարության մասին (տեսանյութ)
ՔաղաքականԵթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա կորոշենք՝ ում առաջադրենք։ Երբ Խորհրդարանում լինի կոնսենսունս, այդ ժամանակ մենք հանդես կգանք մեր ցուցակով, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում։ Իշխանությունն ունի վարչապետի թեկնածու և այդ թեկնածուն վարչապետն է։ Այս մասին ԱԺ-ում ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հայտարարությանը:
Թեև իշխանության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, այնուամենայնիվ Աղազարյանը կարծում է, որ ինքը ևս կարող է լինել վարչապետի թեկնածու, սակայն չի առաջադրվի, քանի որ իրենից ավելի արժանի մարդիկ կան. «Եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ չեմ առաջաջադրվի որպես վարչապետի թեկնածու, որովհետև ինձանից արժանավորները կան»։
Պատգամավորը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը հնարավոր է կայունացնել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Դա կարող է լինեն միայն այն դեպքում, երբ «ԲՀԿ»-ն և «ԼՀԿ»-ն ևս համաձայնեն։
Հարցին, իսկ եթե խմբակցությունները չեն համաձայնում` պատգամավորը պատասխանեց. «Ապա ո'չ, ընտրությունների կարիք չկա»։
Դիտարկմանը, թե այդ դեպքում երկիրը թողնում ենք այս իրավիճակում, Բաղրամյան պողոտան փակ է մնում, պատգամավորը, կարծես, դրա լուծումն էլ է առաջարկում․ «Պետք չէ, որ Բաղրամյան պողոտան երկար ժամանակ փակ մնա, կարելի է խնդրել ցուցարարներին, որպեսզի իրենք իրենց բողոքի ցույցը իրականացնեն մի քանի մետր այն կողմ, որպեսզի ճանապարհը բացվի»։
«Ամեն մեկը հո չի կարող ինչ ուզում է ասել այս երկրում, պահը կգա` համապատասխան ձևով հարցը կլուծվի»,- ասաց Աղազարյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, որ Բաղրամյան պողոտան կբացեն միայն այն ժամանակ, երբ իշխանափոխություն լինի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփինե Հակոբյան