Պահանջում ենք հանդիպում նախագահի հետ. ՊՆ-ի դիմացի ակցիան տեղափոխվեց Բաղրամյան 26
SocietyՊՆ շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիան ավարտվեց։ Այնտեղ գտնվող քաղաքացիները տեղափոխվեցին Բաղրամյան 26՝ պահանջելով հանդիպում ՀՀ նախագահի հետ։ ՊՆ-ի շենքի դիմաց ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի ակցիայի ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ նախագահը Գլխավոր շտաբի պետին ազատելու վարչապետի առաջարկությունը համարել էր հակասահմանադրական եւ այդ հիմքով վերադարձրել էր առաջարկությունը։
«Նախագահը փոխանակ իր սահմանադրական պարտքը կատարի եւ այս վեճը տեղափոխի ՍԴ, ասում է՝ չի ստորագրելու հրամանագիրը, ինչը նույնն է, որ ստորագրի հրամանագիրը, քանի որ հրամանագիրը համարվում է ուժի մեջ մտած: Հիմա եթե նախագահը չդիմեց ՍԴ, ստացվում է, որ ինքը դրդում է, որ այս հարցերը լուծվեն փողոցում, ոչ սահմանադրական ճանապարհով: Մենք առաջարկում ենք այստեղից շարժվել դեպի Բաղրամյան 26, որտեղ մեզ կմիանան այլ քաղաքացիներ եւ կպահանջենք հանդիպում ՀՀ նախագահի հետ: Եթե նա խուսափի հանդիպումից, կփորձենք երթով գնալ իր կեցության վայրը: Մենք նրանից ունենք մեկ պահանջ՝ դիմել ՍԴ՝ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով»,-ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց՝ եթե նախագահը չընդունի իրենց, կփորձեն քննարկել, թե ինչու է վախենում հանդիպումից: