ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
Իրավունք
Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականներ, իրավաբաններ Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը, Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Ղուկասյանը և Մուրադյանը վիճարկել են պաշտոնից ազատելու մասին 22.10.2020 թվականի կարգադրությունները, իսկ Պողոսյանը՝ 26.10.2020-ի կարգադրությունը։
Նրանք երեքն էլ պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պարտավորեցում։
Ղուկասյանի հայցի քննությունը մակագրված է դատավոր Անի Հարությունյանին, առաջին նիստը նշանակված է ապրիլի 8-ին։ Մուրադյանի հայցի քննությունը՝ Մհեր Պետրոսյանին, առաջին նիստը նույնպես ապրիլի 8-ին է։ Պողոսյանի հայցի քննությունը մակագրված է Ռուզաննա Ազրոյանին, իսկ առաջին նիստը նշանակված է ապրիլի 16-ին։
Հիշեցնենք, որ Արման Դիլանյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից։