ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա նախագահականի դիմաց, պահանջում են Սարգսյանից դիմել ՍԴ
VideoՄի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք նախաձեռնել ենք պահանջի ներկայացում Հանրապետության նախագահին: Նախաձեռնել ենք հետեւյալ անձանցով՝ Ռոման Գասպարյան, Ռուբեն Մելքոնյան, Զինավոր Մեղրյան, Վահագն Չախալյան եւ Արա Զոհրաբյան: Մեզ նաեւ միացել են մեր հայրենակիցները, որոնք այստեղ միանում են պահանջին:
Հանրապետության նախագահը ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի և այս պայմաններում նա փոխանակ երկու լուրջ սահմանադրական մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ, այսինքն քաղաքակիրթ լուծման հարթակ, նա փաստորեն հրաժարվում է այդ գործիքից և բոլորիս թողնում է բախտի քմահաճույքին։
Հիմա պատկերացրեք ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ոչ միայն շտաբի պետի հարցն է, այլ նաև բարձրաստիճան մյուս սպաների, որոնք նույնպես կարծում են, որ վարչապետը ձախողել է և վարչապետը պետք է հրաժարական տա․ հիմա, եթե ընդունենք գլխավոր շտաբի պետին ազատեցին իր պաշտոնից պետք է նաև մյուս բարձրաստիճան սպաներին ազատեն, եթե նրանք չենթարկվեն վարչապետին, այս դեպքում ի՞նչ է տեղի ունենալու։
Մեր Սահմանադրությունը նախատեսել է, որ նախագահը պետության գլուխն է եւ ինքն է հետեւում Սահմանադրության պահպանմանը: Սա նշանակում է, որ եթե նա տեսնում է Սահմանադրության խախտումներ, պետք է իր լիազորությունները գործադրի»։
Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը հետ էր վերադարձրել ԳՇ պետին ազատելու վարչապետի միջնորդությունը՝ նշելով, որ այդ առերեւույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին, նաեւ նշել էր, որ ԳՇ պետին ազատելը կարող է հանգեցնել այդ կարեւոր կառույցի բնականոն գործունեության խաթարմանը: