Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը, իսկ համայնքապետը տեղյակ չէ
ОбществоԻջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում սահմաններին:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ճանապարհը երկար փակ չի մնալու, համապատասխան մարդկանց գալուն պես, այն կբացեն. «Մենք ընդամենը ուզում ենք, որ մարզպետարանից մեզ հաստատեն, որ մեր հողերի, մեր սահմանի հետ կապված հող տալու խնդիր չկա: Այսօր մտահոգություն է առաջացել, որ տարածքներ կարող է հանձնեն թշնամուն: Երբ ասում են՝ Տավուշի մարզի տարածքից ոչ մի մետր չեն տալու թշնամուն, ուզում եմ հասկանամ, թե իրենց ասած Տավուշի մարզը որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում: Մարզպետը ոչ մի անգամ չի ասել, որ օրինակ, Բարխուդարլուն մնալու է Տավուշի տարածքում, ինչպես եղել է միշտ: Սրանով փորձում ենք անհնազանդության ակցիաներ իրականացնել, որ ուշադրության կենտրոնում պահենք հարցը»:
Այս թեմայով մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց կապ հաստատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Կապ հաստատեցինք նաև Իջևանի համայնքապետ Հայկ Ղալումյանի հետ, որը, ըստ իր խոսքերի, բացարձակապես տեղյակ չի, թե ինչ է կատարվում Իջևանում. «Ես ճանապարհների փակ լինելու հետ կապված որևէ տեղեկություն չունեմ, համայնքում ամեն ինչ նորմալ է»,- եզրափակեց համայնքապետը: