Եթե արագ ինչ-որ մի բան անես, դա բերելու է հակադարձ ուժի կիրառման, դա նշանակում է, որ դու սխալվել ես. Մելքումյան
ՔաղաքականԱյն, որ ԱԺ երկու մուտքերը փակ են, դա շատ կարեւոր է, սա ունի շատ մեծ քաղաքական եւ բարոյական նշանակություն: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Միտքն այն է, որ ժողովուրդը ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորներին ստիպում է, որ դուք պետք է այս ճգնաժամային իրավիճակում քննարկեք մեկ հարց՝ ճգնաժամից դուրս գալու հարցը. Դա ռազմական դրության վերացման եւ հրաժարականի պահանջն է»,-ասաց նա՝ նկատելով. «Ձեզ է թվում, որ իշխող ուժի պատգամավորները չեն ազդվում, լավ էլ ազդվում են, մենք ենք շփվում եւ գիտենք»:
Դիտարկմանը, որ օրերը, ամիսներն անցնում են եւ իշխանափոխություն տեղի չի ունենում, Մելքումյանն արձագանքեց. «Այո, դուք իրավացի եք, ժամանակը վաղուց է անցել, ժամանակը եղել է 4 ամիս առաջ, 3 ամիս առաջ, երեկ: Մենք ժամանակ չունենք: Պետական կառավարման համակարգի աշխատանքը կազմալուծված է: Հանրությունը պետք է ճնշումը ուժեղացնի, նաեւ մարզերում, ցանցային ձեւով կշարունակվի ճնշման գործընթացը:
Կարող է 200-300 հազար մարդով չկարողանաս իշխանափոխություն անել, եւ կարող ես 30-40 հազարով կարողանաս, որովհետեւ իրավիճակը, պայմանները տարբեր են: Մի փոքր էլ համբերեք, արդյունքն էլ կլինի, արտահերթ ընտրություններն էլ կլինեն, մենք լավ երկիր էլ կունենանք»:
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության կողմից կոնկրետ քայլեր չեն արվում, Մելքումյանը նշեց, որ պետք է մի փոքր համբերել և արտահերթ ընտրություններ կլինեն. «Առաջին հայացքից թվում է, որ պետք է արագ ինչ-որ մի բան անես, բայց դա բերելու է հակադարձ ուժի կիրառման, դա նշանակում է, որ դու սխալվել ես: Պետք է հասունանա, պտուղն ընկնի:
Բանակը մենակ Օնիկ Գասպարյանը չէ, ամբողջ շտաբը, կորպուսների հրամանատարներն ու հարյուրավոր հրամկազմը: Իր ուղերձի սկզբում նա հաստատեց, որ տեղի է ունեցել հակասահմանադրական գործընթաց և դիմել է վարչական դատարան: Հիշեցնեմ, որ առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն էլ է դիմել և նույնիսկ ազատման հրամանագրի պայմաններում, շարունակում է իր գործունեությունը:
Այսօր երկրում ռեալ իշխանություն չկա, որովհետև եթե նման հզորագույն կառույցը չեն ենթարկվել, նշանակում է փոփոխություն է պետք, իսկ անիշխանության վիճակում շարունակելը հղի է մեր պետականության կորստի իրական վտանգներով»: