«ԼՀԿ»-ական պատգամավորը՝ «Երրորդ ուժ» նախաձեռնության մասին
PoliticalՕրերս հայտարարվեց այն մասին, որ քաղաքական գործընթացների անկանխատեսելի զարգացումները պարտադրում են ձևավորել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը։ Վերջերս տեղի ունեցավ նաև նախաձեռնության անդրանիկ հավաքը, որի ժամանակ «Երրորդ ուժ»-ի անդամ Արտակ Թովմասյանը հայտարարեց, որ 44 օրվա ընթացքում նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել՝ հասնելու իշխանության հրաժարականին: Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ անձամբ չի ճանաչում Արտակ Թովմասյանին, սակայն նրան և համախոհներին հաջողություն է մաղթում. «Ցանկացած անհատ մի օր մտնում է քաղաքականություն և մեկը գալիս է հասարակական կազմակերպությունից, մյուսը՝ ԶԼՄ-ից. ինձ համար դա նորմալ է: Ես ժողովրդավարության կողմնակիցն եմ և կարծում եմ, որ ձեռնարկատիրությամբ զբաղված անհատը, որը մի կողմ կդնի դա և կմտնի քաղաքականություն՝ կհաջողի»,- ընգդծեց պատգամավորը:
Գրիգորյանը իրատեսական չի համարում Թովմասյանի՝ 44 օրվա ընթացքում իշխանության հրաժարականին հասնելու մասին հայտարարությունը, սակայն ուրախ կլինի, եթե հաջողեն:
Անդրադառնալով Արտակ Թովմասյանի այն հայտարարությանը, թե «Երրորդ ուժ»-ը ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական նախաձեռնություն է, Գրիգորյանը նկատեց, որ եթե ուզում են մտնել քաղաքականություն, նշանակում է՝ քաղաքական ուժ է, սակայն դրանում էլ պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում:
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ես որևէ սահմանափակում չեմ տեսնում, և գտնում եմ, որ ցանկացած միավոր, որը հետո կդառնա քաղաքական ուժ, կարող է սկսել իր գործունեությունը: Ես կարող եմ միայն բարի երթ մաղթել, որպեսզի բոլորը կարողանան ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց Գրիգորյանը:
Թեև այժմ բոլորի օրակարգը իշխանափոխությունն է և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն Գրիգորյանն ընդգծեց, որ տարբեր են դրանց հասնելու ճանապարհներն ու մոտեցումները:
«Մեր ճանապարհը մի փոքր այլ է․ նախ, մենք առավելություն ունենք այն առումով, որ խորհրդարանական-քաղաքական ուժ ենք ներկայումս: Շատ է խոսվում նաև, որ պիտի ձևավորվի ժամանակավոր կառավարություն, ես ուզում եմ նորից շեշտել, որ ժամանակավոր կառավարություն ունենալու օրակարգն այլևս սպառված է: «Հայրենքի փրկության շարժման» հետ կապված պիտի ասեմ, որ եթե հնարավոր էր ժամանակին ունենալ նման կառավարություն, ապա դա պիտի լիներ, առնվազն, խորհրդարանական ուժ ձևավորելով, որովհետև, ամեն դեպքում, Խորհրդարանում այսօր ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժերն են, իսկ դրսի ուժերը այս պահին չընտրված քաղաքական ուժերն են և այս առումով չունեն լեգիտիմություն»,- ասաց «ԼՀԿ»-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին, «Դվին» հյուրանոցի մեծ սրահում, տեղի ունեցավ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների մասնակցությամբ առաջին հանդիպում-քննարկումը: Նախաձեռնող խմբի անդամներն էին հասարական-քաղաքական գործիչ, «ԹՈՎՄԱՍՅԱՆ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» հիմնադիր Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ, «ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ» ՀԿ ղեկավար Արշակ ԶԱՔԱՐՅԱՆԸ, «ՎԵՐԱԴԱՐՁ» հիմնադրամի նախագահ Արագած ԱԽՈՅԱՆԸ, ԵՊՀ սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Արփինե Հակոբյան