ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը Բայրամովը խեղաթյուրել է իրականությունը. Նազելի Բաղդասարյան
БлогосфераԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ ռազմագերիների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրականության խեղաթյուրում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Փաստերի և հանգամանքների նենգափոխումը, մեր հայրենակիցների հանդեպ «դիվերսանտ» կամ «ահաբեկիչ» եզրույթի օգտագործումն անընդունելի է։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջը վերաբերում է Ադրբեջանում պահվող բոլոր անձանց՝ անկախ գերեվարման ամսաթվից, ուստի տարածվում է հակամարտող 2 երկրում բռնի պահվող բոլոր անձանց վրա։
Վերոգրյալն ապացուցում է, որ վերջիններս ունեն բացառապես գերեվարվածի կարգավիճակ։
Վերահաստատելով հայկական կողմի մոտեցումը՝ հերթական անգամ հարկ եմ համարում արձանագրել, որ գերեվարվածների նկատմամբ ցանկացած քրեական հետապնդումն անհիմն է և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։ Փաստենք, որ եռակողմ հարտարարության ստորագրումից հետո խաղաղ պայմաններում Խծաբերդից և Հին Թաղերից 64 անձի գերեվարումն ինքնին հակասում էր ստորագրված փաստաթղթի տրամաբանությանը։
Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, քանզի մեր հայրենակիցների հայրենադարձման անհարկի ձգձգումը համընդհանուր և համամարդկային արժեքների ոտնահարման վառ ապացույց է»,- նշել է նա: