Սեփական սխալները չտեսնելը դատապարտում է ազգին վերապրել սեփական դժբախտություններն այնքան անգամ, մինչև չմաքրվի պատրանքներից. Տարոն Սիմոնյան
ԲլոգոսֆերաՊատմության օբյեկտից պատմության սուբյեկտ դառնալու գործընթացն ազգից ուժերի գերլարում է պահանջում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը.
«Դա հնարավոր չէ իներցիային տրված քաղաքականությամբ, հնարավոր չէ անպատասխանատու և իրենից դուրս մեղավորներ փնտրող քաղաքական վերնախավով, հնարավոր չէ ժամանակի ոգին չզգացող ինքնահռչակ հպարտ-կամակատարներով։
Բավարար է հետահայաց դիտարկում անել այն հասարակական, ռազմական, արտաքին ու ներքին քաղաքական և այլ գործընթացներին, որոնք տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում մինչև 1921թ-ի Մոսկվայի (հետագայում՝ Կարսի) պայմանագիրը և մինչև 2020թ֊ի եռակողմ հայտարարությունը, և որևէ կերպ բանական մարդու ուղեղի մեջ չտեղավորվող, անթույլատրելի և գրեթե կրկնվող քայլերի պատկերը հստակ կլինի։
Իսկ սեփական սխալները չտեսնելը դատապարտում է ազգին վերապրել սեփական դժբախտություններն այնքան անգամ, մինչև չմաքրվի պատրանքներից ու չգիտակցի իր պատմական դերը, որպեսզի ի վերջո պատմության օբյեկտից դառնա պատմության սուբյեկտ ...»,-գրել է պատգամավորը: