Պարեկային ծառայությունում աշխատելու համար պատրաստման դասընթացին մասնակցում է 707 անձ
ՀասարակությունՊարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար պատրաստման դասընթացին մասնակցում է 707 սովորող: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի այն հատվածի ներկայացմանը, որը վերաբերում է մարդու իրավունքներին:
Նախարարը հիշեցրեց, որ 2020-ին ընդունվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. միջոցառման ծրագիրը: Վերջինիս հիման վրա ընդունվել են Պարեկային ծառայության ստեղծման և գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական ակտերը:
«Դրա նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված և տեխնիկապես հագեցած բարեվարք ոստիկանության և նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է: Պարեկային ծառայության համար անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներ, հանդերձանք է ձեռք բերվել: Մեկնարկել է 707 սովորողների պատրաստման դասընթացը: Դասընթացում հատուկ ուշադրություն է դարձվում մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»,-ասաց Բադասյանը:
Պարեկային ծառայությունը փոխարինելու է պարեկապահակային ծառայությանը
և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը
տեղի է ունենալու բաց մրցույթով: