Էլ ո՞նց պետք է լիներ. իմքայլական պատգամավորը՝ հնարավոր քարոզարշավը անվտանգության աշխատակիցներով իրականացնելու մասին
PoliticalԿասկածներ ունեմ, որ թե՛ «Լուսավոր Հայաստան», թե՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները պատրաստ են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Վստահություն չունեմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև որևէ մեկը կոնկրետ պատասխան չի էլ հնչեցրել»,-նշեց պատգամավորը:
Հարցին, թե ինչպես է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում «Իմ քայլը» դաշինքը իրականացնելու ընտրական քարոզարշավ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դեռ վաղ է դրա մասին խոսելը. «Ժամանակը կգա, կիրականացնենք, կտեսնեք: Մենք բոլորս էլ ազատ տեղաշարժվում ենք, պարոն Փաշինյանի անվտանգությունն են ապահովում, որովհետև նոյեմբերի 9-ի գիշերվանից հետո, էլ ո՞նց պետք է լիներ»:
Դիտարկմանը, թե իմքայլական պատգամավորի համար նորմա՞լ է, որ քարոզարշավը պետք է իրականացնեն անվտանգության աշխատակիցներով և ոստիկաններով շրջապատված, Հովհաննիսյանը դրական արձագանքեց:
«Եթե լինի անվտանգության խնդիր՝ վարչապետի անվտանգությունը պետք է պահպանվի, սա, կարծում եմ, տրամաբանական է: Պետության պարտավորությունն է՝ ապահովել երկրի ղեկավարի անվտանգությունը. այստեղ որևէ տարօրինակ բան չկա, եթե անվտանգության սպառնալիքները շատ են՝ աշխատակիցները ևս պետք է շատ լինեն, ամեն ինչ տրամաբանական է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Պատգամավորը հավելեց, որ օրակարգում դեռևս չկա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը:
Անդրադառնալով Հովհաննես Ազոյանի՝ Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում վերջինիս խաղաղության կոչին, իմքայլական պատգամավորը շեշտեց, որ ինքը որևէ վերաբերմունք չունի, սակայն անիմաստ էր նման բան անելը:
Արփինե Հակոբյան