ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը
ОбществоՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ զինծառայողների չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարվա համար, իսկ մինչ այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չի տրամադրվում: ՍԴ-ն 2018-ին այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել:
«Մենք նախաձեռնություն հանդես բերեցինք և սահմանեցինք, որ այս դրույթը փոխվի, և այն ընդհանուր կարգավորումը լինի, որը կա մյուս բոլոր հանրային ծառայողների բնագավառում: Բացառություն էր միայն զինվորական ծառայությունը: Եվ այս նախագծի տրամաբանությունը հենց դրանում է, որ թույլ տանք այդ իրավունքից օգտվեն նաև զինծառայողները»,-ասաց Սիմոնյանը:
Սակայն գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: ԼՀԿ-ին առաջարկվել է հետաձգել նախագծի քննարկումը մեկ ամսով, որպեսզի կառավարությունը ներկայացնի իր դիտարկումները, սակայն խմբակցությունը չի համաձայնել:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ևս ընդունեց, որ խնդիրը պետք է լուծվի, սակայն քննարկվող նախագծով հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե ինչ ծավալի գումարների մասին է խոսքը, որը պետք է փոխհատուցվի այն զինծառայողներին, որոնք տարիներ շարունակ չեն օգտվել իրենց արձակուրդից:
Քվեարկությամբ նախագիծը ստացավ 32«կողմ», 51 «դեմ», 9 «ձեռնպահ» ձայներ՝ չընդգրկվելով օրակարգ: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահություն հայտնեց, որ թեև իրենց նախագիծը մերժվեց, սակայն իշխանություններն այդ նախագիծը կընդունեն, եթե իրենք նախաձեռնեն՝ հիշեցնելով նախկինում տեղի ունեցած նման դեպքի մասին: «Սա ի՞նչ պրակտիկա է, սիրելի գործընկերներ»,- հարցրեց Մարուքյանը՝ դժգոհելով իշխանության մոտեցումից: