Ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջները կավելանան մեկով. փոփոխություն նախագծում
Գիտություն և ՄշակույթԲարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես, ԲՈՒՀ-ի ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում ավելացել է ևս մեկ դրույթ: Օրենքների նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում փոխվել են տարբեր ձևակերպումներ: «Ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվեց էական փոփոխութուն, ընտրանքային տարբերակը փոխարինվեց զուտ ընտրություններով: Այժմ կառավարման խորհուրդն ընտրում է ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով»,- ասաց Դումանյանը:
Մեկ դրույթ ավելացվել է ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում: «Եթե նախկինում օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, այժմ ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը»,- նշեց նախարարը:
Ամբիոնի վարիչի պաշտոնի հետ կապված դրույթը ևս փոխվել է: Եթե նախկին տարբերակում ամբիոնի վարիչը համարվում էր վարչական պաշտոն, ապա նոր տարբերակով այն համարվում է ակադեմիական պաշտոն՝ ինչպես եղել է նախկինում: Ակադեմիական խորհուրդներում, նախկին տարբերակով, պետք է լիներ 25 տոկոս ուսանող, այժմ սահմանվել է՝ մինչև 25 տոկոս ուսանող: Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ:
Հարակից զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ընդունել են և ԲՀԿ-ի իրենց գործընկերների առաջարկը և ԼՀԿ-ի առաջարկներից և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկը: