Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում լրագրող Փայլակ Ֆահրադյանից տեղի ունեցած միջադեպի համար
SocietyՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում լրագրողական հանրությունից, ինչպես նաև լրագրող Փայլակ Ֆահրադյանից՝ Երևանի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի համար: Մարտի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արշակյանը նշեց, որ կարևոր նշանակություն է տալիս լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությանը և ցանկանում է, որպեսզի բոլորը նույնպես նման կերպ վերաբերվեն:
«Նախ ուզում եմ ասել, որ լրագրողներին շատ սիրում եմ: Գիտեք, որ ձեր հարցերին միշտ մանրամասն փորձում եմ պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև լրագրողական գործունեության նկատմամբ: Կատարված դեպքի հետ ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից և ներկայումս ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր տեսել են այդ դեպքը, ինչպես նաև լրագրական հանրույթից, և հենց կոնկրետ Փայլակից»,- ասաց Արշակյանը: