Իշխանությունում մարդիկ կան, որոնք անհամաձայնություն ունեն ռեյտինգայինի վերացման մասով. Թովմասյան
PoliticalԱյն կարծիքին եմ, որ հարցերի բովանդակությունը ամենևին կապ չուներ Կառավարության վարքագծի հետ, որովհետև հարցերը տարբեր բովանդակության ու տարբեր բնույթի էին: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Կառավարության այս քմահաճ վերաբերմունքը պետք է ուղղակի փոխվի: Կառավարությունը խորհրդարանական երկրում չի կարող ինքը որոշել, թե ինչպես է աշխատում: Ամեն չորեքշաբթի Կառավարության հետ հարց ու պատասխանի ֆորմատը իրենից ենթադրում է այն, որ բանավոր հարցերին պետք է պատասխանի կառավարությունը: Այնտեղ չկա գրված, որ Կառավարությանը բանավոր հարց ուղղվի, իսկ ինքն էլ պաատսխանի, թե՝ մենք ձեզ գրավոր կպատասխանենք»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ նախորդ քառօրյային իր հարցին չեն պատասխանել:
Ըստ անկախ պատգամավորի՝ իշխանությունում մարդիկ կան, որոնք անհամաձայնություն ունեն ռեյտինգայինի վերացման մասով. «Ակնհայտ է, որ իշխանությունը, թեպետ, 2,5 տարուց ավելի իշխում է մեր երկրում, բայց չունի բարձր հեղինակության ունեցող մարդիկ թե՛ իր թիմի մեջ և թե՛ իր կողքին, և իրենք մարզերում մարդ չունեն, որ առաջադրեն ռեյտինգային ընտրակարգով: Քանի որ այս ընտրությունները առաջվա հեղափոխական էյֆորիայի ֆոնին չեն անցկացվելու, և մարդիկ ավելի սթափ են դատում, ռեալ է, որ ավելի հեղինակություն ունեցող այլ կուսակցությունից առաջադրված մարդը կարող է ավելի շատ ձայն հավաքել դրա համար իրենք ոչնչացնում են հեղինակություն ունեցող բոլոր մարդկանց հնարավորությունները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թագուհի Թովմասյանը: