Խաղաղությունը կարևորագույն գործոն է մեր զարգացման համար. Ավինյանը` երեխաներին
ՀասարակությունՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «1000+1» հաղորդաշարին և պատասխանել երեխաների հարցերին:
Երեխաներից մեկը փոխվարչապետին հարցրեց` «Պատերազմի ժամանակ մեր ամենաբարդ խնդիրը եղել է անվտանգությունը, ի՞նչ կասեք խաղաղության մասին»:
Ավինյանն էլ, ի պատասխան, ասաց. «Խաղաղությունը կարևորագույն նախապայման է յուրաքանչյուր երկրում զարգացման համար ... որևէ գործով զբաղվելու համար շատ կարևոր է ունենալ խաղաղություն:
Խաղաղություն ունենալու համար պետք է լինել ուժեղ, և սա նույնպես այնքան կարևոր է, ինչքան խաղաղությունը: Այսինքն` առանց ուժեղ լինելու շատ դժվար է պահպանել խաղաղությունը, նամանավանդ մեր նման երկրում, որտեղ որ նվազագույնը տարածաշրջանի առումով և հարևանների առումով բարդ դրության մեջ ենք: Բայց պետք է նաև հասկանանք, որ մենք այս տարածաշրջանից չենք գնալու, ինչպես նաև մեր հարևանները չեն գնալու և պետք է գտնենք լուծումները` մեզ համար առաջին հերթին»:
Ավինյանը նաև թվարկեց, թե ինչ է պետք ուժեղ լինելու համար:
«Առաջին հերթին պետք է ունենալ հզոր, տեխնոլոգիապես հագեցված բանակ, արդի բանակ, 21-րդ դարի բանակ: Երկորդը, որը պակաս կարևոր չէ, պետք է ունենալ շատ զարգացած դիվանագիտական ծառայություն: Այսինքն` մեր դիվանագետները պետք է լինեն բարձր որակի, և պետք է կարողանան խաղաղ ձևերով տարբեր խնդիրների լուծումները գտնել: Եվ, իհարկե, մենք պետք է կարողանանք մեր դաշնակիցների հետ կառուցել անվտանգության այնպիսի համակարգեր, որոնք կապահովեն այն երկարաժամկետ խաղաղությունը, որը յուրաքանչյուր երկրին է անհրաժեշտ: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի նման երկիրը հենց այդ ճանապարհով պետք է շարժվի: Խաղաղությունը կարևորագույն գործոն է մեր զարգացման համար, բայց կրկնեմ` խաղաղություն ունենալու համար մենք պետք է հիշենք, որ մենք ուժեղ լինելուց զատ այլընտրանք չունենք»:
Մանրամասները՝ տեսայնութում: