Արդեն պատրաստվում ենք Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը. Հակոբ Հակոբյան
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Իսլանդիայի դեմ խաղում տոնած հաղթանակին:
«Շատ լարված հանդիպում էր, մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին, քանի որ գիտեինք, որ մեզ դիմակայելու է բավականին զորեղ մրցակից, մենք բավականին կազմակերպված ու գրագետ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Պաշտպանությունում գրեթե անսխալ գործեցինք ու մրցակցին գրեթե հնարավորություն չտվեցինք։ Շատ կարևոր հաղթանակ էր։ Ուրախացանք, բայց արդեն այսօրվանից պատրաստվում ենք Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ խաղում էլ երեք միավոր վաստակենք։
Ինչ վերաբերվում է վնասվածքիս, ապա կասեմ, որ լուրջ բան չկա, պարզապես մինչև հավաքականին միանալը տևական ժամանակ բացակայում էի վնասվածքի պատճառով ու չէի խաղում։ Լավ է, որ լուրջ բան չկա ու արդեն հաջորդ խաղին պատրաստ կլինեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հակոբյանի խոսքերը մեջբերում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: