Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում բարձրագույն կրթություն ապահովել. Վահրամ Դումանյան
ՀասարակությունՄեր երեխաներին թողնելու ենք բուհեր, ու լավ բուհեր։ Դա մեր գերագույն ցանկությունն է։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ են թողնելու մեր ապագա սերունդին, երբ վարչապետը հայտարարում է Երևանի բուհերը վաճառելու և դրանից ստացված գումարով ակադեմիական քաղաք կառուցելու մասին։
«Մենք ունեցել ենք գիտություն, կրթություն։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք այդ ամենն ասեք ներկա շարունակականով։ Մենք չենք խոսում անցյալով, դուք եք խոսում անցյալով։ Մենք ունենք այն՝ ինչ ունենք, և պետք է պահպանենք եղածը, զարգացնենք, բերենք որակական այլ մակարդակի։ Վստահեցնում եմ՝ բուհական կառույցներին որևէ վտանգ չի սպառնում, անհո՛գ եղեք։ Նման որոշում չկա, կա գաղափար, շենքը դրեք մի կողմ, խնդիրը շենքը չէ, այլ նոր շենքն է, նոր քաղաքն է, նոր կոմունիկացիաներն են, նոր կամպուսներն են, խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանեցումն է, ձևը արտաքինն է, բովանդակությունը՝ բուհը, բարձրագույն կրթությունը։ Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում բարձրագույն կրթություն ապահովել»,– ասաց նախարարը։
Ըստ Վահրամ Դումանյանի՝ այսօր բուհերում չկան անհրաժեշտ պայմաններ, սկսած սանիտահիգիենիկ պայմաններից մինչեւ տեխնիկական հագեցվածություն եւ այլն։
ԿԳՄՍ նախարարը ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին կողմ է և ցանկություն ունի, որ այն իրականություն դառնա. «Այս պահին որևէ հստակ վայր չկա, թե որտեղ է այն կառուցվելու, ընդամենը կա ցանկություն և գաղափար և կարող եմ ասել, որ կա հաստատուն կամք դա անել՝ կարևորելով ոլորտը»,– նշեց նախարարը։