Չեմ կարծում՝ որևէ սխալ բան եմ ասել. Հովիկ Աղազարյանը՝ Քարվաճառին վերաբերող աղմկահարույց հայտարարության մասին
PoliticalՀաղորդմանը, ասելով Քարվաճառը մերը չէ, ես նկատի եմ ունեցել աշխարհաքաղաքական իրողությունները, ավել բան չեմ ցանկանում ասել, քանի որ այն շատ նուրբ թեմա է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա այն կարծիքին է, որ որոշ քաղաքական գործիչների կողմից, դավադրություններ են նյութել իր դեմ կոնտեքստից դուրս՝ մեջբերումներ անելով նրա խոսքերը. «Կոնտեքստից դուրս բերել իմ ասածները և դրանց գնահատական տալը կարծում եմ՝ ճիշտ չէ, ես դա ասել եմ հաղորդավարի հետ բանավեճի ընթացքում: Մարդիկ հարցազրույցը մինչև վերջ չեն նայում և շտապում են քննադատել ինձ»,- նշեց պատգամավորը:
Մեր այն հարցին, թե արդյոք զղջում է նման արտահայտություն անելու համար, վերջինս պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե որևէ սխալ բան եմ ասել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացրել իմ միտքը: Իմ ասածի մեջ չկա նշույլ անգամ, որ ես վիճարկում եմ Քարվաճառի հայկական լինելու հանգամանքը»,- ընդգծեց իմքայլական պատգամավորը:
Հարցին, թե իր այդ հայտարարությունից հետո արդյոք նա շարունակում է վայելել հասարակության սերն ու հարգանքը, վերջինս հարցադրում ուղղեց մեզ. «Ինչի՞ այն ժամանակ Հովիկ Աղազարյանը սեր և հարգանք էր վայելում հասարակության կողմից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ, ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ «Փաստինֆո»-ի եթերում «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել էր, թե «Քարվաճառը մերը չէր, այն 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը վերադարձվեն, և Արցախը ստանար կարգավիճակ»։
Զվարթ Պետրոսյան