Նպատակ է դրվել տարհանված բնակչությանը 3 տարում բնակտարածքով ապահովել Արցախի տարածքում․ Գրիգորի Մարտիրոսյան
ԱրցախԱրցախի կրած տնտեսական կորուստները չափվում են միլիարդներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Վնասները համադրելի են մեր Համախառն ներքին արդյունքի մի քանի տարվա ցուցանիշի հետ։ Այդտեղ ներառված են և պետական և մասնավոր և ֆիզիկական անձանց գույքի վնասները, ենթակառուցվածքային վնասները։ Մենք կորցրել ենք գյուղատնտեսական և էներգետիկ ներուժի մեծ մասը, բայց պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի վերականգենք, ապա նաև ինչ-որ զարգացման միտումներ հաղորդենք մեր պետությանը»,- նշեց Մարտիրոսյանը։
Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ այժմ Արցախի առաջ դրված հիմնական խնդիրը տեղահանված քաղաքացիներին բնակտարածքով ապահովելն է։
«Նպատակ է դրվել առաջիկա 3 տարիների ընթացքում ամբողջությամբ այդ խնդիրը լուծել և Արցախի տարհանված բնակչությանը բնակտարածքով ապահովելու Արցախի տարածքում։ Այդ ուղղությամբ աշխատանքները սկսված են»,- ասաց Գրիգորի Մարտիրոսյանը։