Մենք պատերազմներից դասեր չենք քաղել. մեզ հիմա օդ ու ջրի պես համերաշխություն է պետք. Մարուքյան
ՀասարակությունԱրդեն ակնհայտ է, որ մենք պատերազմներից դասեր չենք քաղել, ևոչ միայն թուրքերի հետ բարեկամության թեման է դրա մասին խոսում, այլ նաև այն, որ ամեն պատերազմից հետո որպես պետություն խելքներս գլուխներս չենք հավաքում և մեր ներքին տնային աշխատանքը լավ չենք անում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Հիմա մեր երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է պետք, որովհետեւ առանց դրա մենք բանակը չենք կարող վերականգնել, մեր նահատակների ընտանիքներին չենք կարող լավ պահել, գերիներին չենք կարող վերադարձնել, հաշմանդամների խնդիրները չենք կարող լուծել: Ոչ մի բան չենք կարող անել: Պատերազմը դաս է»,-ասաց նա:
Մարուքյանն այն կարծիքին է, որ այս ժամանակահատվածում պետք է ոչ խոսել թուրքերի հետ բարեկամությունից, ոչ էլ թշնամություն քարոզել, այլ պետք է տնային աշխատանքը լավ կատարել. «Եթե դու ուժեղ ես, բոլորը կուզեն քո հետ բարեկամություն անել, եթե թույլ ես, բոլորը աչք են գցելու քո ունեցածի վրա, փորձելու են տիրանալ: Դրա համար պետք է հզորանալ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: