«Այլևս չենք պատրաստվում լռել…»․ «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ն հայտարարություն է տարածել
Society«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հանդես է գալիս հայտարարությամբ` կապված ձվի շուկայում տիրող իրավիճակի հետ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
««Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, հանդիսանալով հավի ձվի և թռչնամսի արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություն, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում և հատկապես Զատիկին նախորդող օրերին ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։
Գտնում ենք, որ այս ամենի պատճառները նոր չեն, այլ գալիս են դեռևս 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսեցին նվազել։
Արդյունքում 2019 թվականի վերջին ու 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին շուկայում գնանկում էր ու ընդհուպ 19 դրամով ձու էր վաճառվում։ Դրա հետևանքով շուկայից որոշ տնտեսվարողներ դուրս մղվեցին, արտադրողները ստիպված էին կրճատել իրենց արտադրության ծավալները՝ վնասները նվազեցնելու համար։ Հաշվի առնելով տեղական շուկայի հագեցվածությունը՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն քայլեր է ձեռնարկել ձու արտահանելու համար։ Մասնավորապես՝ 2020 թվականի մարտ, ապրիլ, հունիս, հուլիս ամիսներին արտահանել է ավելի քան 3.9 մլն հատ ձու, ընդորում՝ շատ ավելի ցածր գներով՝ համեմատած այդ ժամանակ ՀՀ շուկայում Ընկերության կողմից իրացվող ձվի գների հետ։
Անդրադառնալով վերջին շրջանում ձվի թանկացմանը, հարկ ենք համարում նշել, որ դա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Նախ՝ կերի թանկացմամբ. 2019-2020թթ. համեմատ կերը թանկացել է ավելի քան 26%-ով։ Էական ազդեցություն է թողել նաև դոլարի փոխարժեքը, որը 2020 թվականի համեմատ աճել է ավելի քան 10%-ով՝ ավելացնելով թռչնաֆաբրիկաների արտաժույթով վարկերի սպասարկման ծախսերը։
Իսկ ինչ վերաբերում է Զատիկին նախորդող վերջին օրերին ձվի գների շեշտակի բարձրացման մասին հրապարակումներին ու ահազանգերին, ապա տեղեկացնում ենք, որ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից ձվի բացթողման գների ոչ մի փոփոխություն չի եղել։
Նման երևույթների հնարավոր պատճառ կարող էր լինել ձվի դեֆիցիտը, քանի որ 2019-2020թթ. եղել է ձվի գերարտադրություն, շուկան լճացել է, ինչի պատճառով շատ տնտեսություններում ստիպված են եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Պակասել է ածան թռչունների գլխաքանակը, հանգեցնելով արտադրության ծավալների կրճատմանը։ Չենք բացառում նաև այն, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձել են ստեղված իրավիճակից առավելագույնը քաղել ու թանկացրել են իրենց ապրանքների գները»։