Դատարանն ընդամենն անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին․ դատախազ
Դատարանն ընդամենն անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին։ Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ասաց մեղադրող կողմից դատախազ Պետրոս Պետրոսյանը։
«Դատարանը նույնիսկ չանդրադարձավ, թե քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով է քրեական հետապնդումը դադարեցրել։ Արդյո՞ք դրանք վերաբերում էին նրան, որ մենք որպես կիրառման ենթակա նորմեր հղում էինք կատարել և նշել, որ առերևույթ հակասահմանադրականության խնդիր ենք տեսել։ Հետևապես դրան կարող ենք անդրադառնալ բացառապես դատական ակտը ստանալուց և դրա պատճառաբանություններին ծանոթանալուց հետո»,-ասաց նա։
Պետրոսյանը նշեց, որ տեղյակ չէ՝ արդյոք դատարանը որևէ հղում կատարել է ՍԴ դիմելու մասով, թե՝ ոչ։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։