Ես չեմ համարում, որ մենք որևէ ոլորտ ձախողել ենք. Ռուստամ Բադասյան
PoliticalԱյսօր լրատվամիջոցներում տարածվել և քննարկման առարկա էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի արտահայտությունը․ «Հասարակության հետ պետք է ազնիվ լինել։ Ունենք ձախողումներ, որոնց համար կան պատասխանատուներ»։
«Առաջին լրատվական»-ի եթերում պատասխանելով հարցին, թե սա ինքնախոստովանությո՞ւն համարել, Ռուստամ Բադասյանը պատասխանել է․ «Մասամբ կարող ենք այդպես էլ համարել։ Իրականում, այո, պետք է անկեղծ լինել հասարակության հետ, որովհետև հասարակությունն ակնկալում էր հնարավորինս արագ արդյունքներ։ Դա նշանակում էր՝ կոռուպցիոն գործերով կոնկրետ պատասխանատուներ, կոնկրետ քննություններ, դատական գործընթացներ, բայց այդ պրոցեսները որոշակի առումով դանդաղել են։ Այլ հարց է, թե ով որ ոլորտի համար է պատասխանատու, և ես որոշեցի, որ դատաիրավական համակարգի հետ կապված իմ ասելիքը պետք է հասարակությանը ասեմ»։
Հարցին, թե իր դիտարկմամբ՝ հատկապես ո՞ր ոլորտներն են ձախողակ համարվում, Բադասյանը պատասխանել է․ «Ես չեմ համարում, որ մենք որևէ ոլորտ ձախողել ենք։ Ես համարում եմ՝ որևէ ոլորտի շրջանակներում խնդիրներ կան։ Ոչ թե ոչինչ չենք արել, այլ փորձել ենք ամեն ինչ անել, փորձում ենք ամեն ինչ անել, և փորձելու ենք ամեն ինչ անել։ Հարցն այլ տեսանկյունից է պետք դիտարկել։ Այն օրից, ինչ ես նախարար եմ նշանակվել, մենք տարբեր նախաձեռնություններով ենք հանդես եկել՝ ապօրինի ծագում ունեցող գույք, Դատական օրենսգրքի բարեփոխումներ, դատավորների գույքային դրության ստուգում, իսկ դատական համակարգը հայեցակարգային փոփոխության ենթարկելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ։ Մենք սկսել էինք աշխատել սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ, որոնք հայտնի պատճառներով՝ համաճարակ, այնուհետև պատերազմ, ընդհատվել են»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: