Զոհերի հիշատակը փառաբանելու լավագույն ձևը խաղաղության շանսը բաց չթողնելն է. Լենա Նազարյան
ПолитическиеԶոհերի հիշատակը փառաբանելու լավագույն ձևը կայուն խաղաղության հնարավորությունը բաց չթողելն է, որ այլևս ոչ ոք չզոհի իր կյանքը՝ մյուսի ապրելու համար: «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` անդրադառնալով իր վերջին հայտարարությանը, թե «գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»:
«Պատերազմը, բնականաբար, արհավիրք ու ողբերգություն է: Սակայն, հետպատերազմյան իրողությունում, եթե կա խաղաղություն հաստատելու ու կոնֆլիկտը վերջնական կարգավորելու շանս, բացված պատուհան, մի փոքրիկ հնարավորություն, ապա աններելի է այն բաց թողնելը: Այս հնարավորությունը կարող է չլինել, կամ միշտ չէ, որ կլինի: Քանի՞ անգամ ենք ետ նայել, փնտրել ու ափսոսացել խաղաղություն ունենալու բաց թողնված հնարավորությունների համար: Ցավոք, քանի ժամանակն անցնում է, պատերազմի աղետի հիշողությունը մարում է, մխացող կոնֆլիկտի հետ ապրելը դառնում է սովորական: Եվ միտքս այն է, որ զոհերի հիշատակը փառաբանելու լավագույն ձևը կայուն խաղաղության հնարավորությունը բաց չթողնելն է, որ այլևս ոչ ոք չզոհի իր կյանքը՝ մյուսի ապրելու համար: Նաև ես շատ եմ ուզում, որ ընտրությունների նախաշեմին մեր քաղաքացիներն առանց բացառության բոլոր քաղաքական ուժերի առջև դնեն մեկ պահանջ. բոլոր չլուծված խնդիրների լուծմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով: Խաղաղության պահանջը պետք է հանրային բարձրաձայն ու հաստատակամ պահանջ դառնա:
Բոլոր տարամեկնաբանություններին վերաբերվում եմ որպես ասածս ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն»,- ասել է Նազարյանը: