Միասնականություն ասելով՝ հասկանում են թրքասիրություն և կեղծ խաղաղասիրություն. Զոհրաբյանը՝ իմքայլական պատգամավորի հայտարարության մասին
SocietyՄիշտ կողմնակից եմ եղել, որ Հայաստանը արտաքին աշխարհում հանդես գա միասնական, բայց, եթե միասնականություն ասելով իրենք հասկանում են թրքասիրություն, ադրբեջանասիրություն, կեղծ խաղաղասիրություն, այն դեպքում, երբ Ալիևը բացում է հայ ռազմագերիների նվաստացման «ցուցահանդես-պուրակ», ապա ես չեմ կարող իրենց հետ նույն հարթակում հանդես գալ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Արման Եղոյանի՝ «Եկեք մեր միջազգային հարաբերություններում՝ արտաքին դաշտում, մենք գործենք միասնական» կոչին:
«Ես գտնում եմ, որ այսօր՝ 21-րդ դարում, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են մնալ ֆաշիստական և ռասիստական պետություններ և գտնում եմ, որ մենք ամեն ինչ պիտի անենք այդ երկրների քաղաքական էլիտաների դեմ պայքարելու համար: Ես չեմ կարող տեղավորվել թրքասիրության և ադրբեջանասիրության՝ իրենց կեղծ խաղաղասիրական թեզերի մեջ, երբ, անգամ համարձակություն չունեն պատասխանելու ուղիղ հարցի՝ «Դուք թուրքին թշնամի համարո՞ւմ եք, թե՞ ոչ»»,- նկատեց պատգամավորը:
Զոհրաբյանը կարծում է, որ պետք է լինել միասնական, քանի որ ռազմագերիներին վերադարձնելու, Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման խնդիրները կան, սակայն դրանք լուծելու ճանապարհը թշնամու հետ խաղաղասիրություն քարոզելը չէ:
«Ինձ համար այդ խնդիրները լուծելու ճանապարհը ամբողջ աշխարհին, միջազգային հանրությանը ցույց տալն է, որ Ադրբեջանը և Թուրքիան ֆաշիստական պետություններ են, և աշխարհը պիտի պայքարի՝ 21-րդ դարում այդպիսի պետություններ և ավտորիտար քաղաքական էլիտաներ չունենալու դեմ»,- նշեց Զոհրաբյանը:
Նշենք, որ Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես-պուրակ», որում հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրվել են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Նկատենք նաև, որ երկրի ղեկավարը որևէ անդրադարձ չի կատարել այս առնչությամբ:
Արփինե Հակոբյան