ԱԱԾ-ն խորհուրդ է տվել ադրբեջանական փողերի հարցով դիմել Կենտրոնական բանկ
Political«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հրապարակել է ԱԱԾ պարզաբանումը՝ կապված Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցելու դեպքի մասին։ Եղիազարյանը գրել է․
«Օրեր առաջ ըստ Համաշխարհային Բանկի հաշվետվության՝ 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման մանրամասների բացահայտման և պարզաբանման ակնկալիքով դիմել էի ՀՀ ԱԱԾ-ին։
Այսօր ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով փաստացի հայտնում են, որ իրենք այդտեղ անելիք չունեն...
Առնվազն տարօրինակ է թշնամական երկրից ՀՀ առերևույթ գումար փոխանցվելու փաստի նկատմամբ նման անտարբեր մոտեցումը»։
ԱԱԾ պարզաբանման մեջ ասվում է հետևյալը, որ «ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 211 մլն ԱՄՆ դոլարի փոխանցման վերաբերյալ տվյալներ չի ստացել», ապա ավելի մանրամասն տեղեկությունների համար առաջարկում է դիմել Կենտրոնական բանկ։
Հիշեցնենք, որ Եղիազարյանը ավելի վաղ ԱԺ ամբիոնից հայտնել էր, որ ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների, 2018 թվական Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։