Զարիֆը և Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
ԱշխարհԱյսօր՝ ապրիլի 13-ին, Թեհրանում, հանդիպել են Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպարեզում բազմաբնույթ համագործակցությունների հետ կապված հարցեր:
Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը և քննարկել այդ գործընթացում տարածաշրջանի երկրների դերակատարությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր գործընկեր Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանել կայուն հրադադար: Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքները հաղթահարելու և ընդհանրապես երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը՝ արդարացի հիմքով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև քննարկել ենք այն դերակատարությունը, որ կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այդ գործընթացում»,- ասել է Լավրովը: