Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի Ստամբուլի ջրանցքի վրա. Էրդողան
WorldՆեղուցների ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի Ստամբուլի նախագծվող ջրանցքի վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ստամբուլի ջրանցքը որեւէ կապ չունի Մոնտրյոյի կոնվենցիայի հետ: Այս ջրանցքը ձեռքբերում կդառնա մեզ համար, այն կօգնի լրջորեն բեռնաթափել Բոսֆորի նեղուցը՝ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից»,- նախագահի խոսքերն է մեջբերում Haberturk-ը: Նա նաեւ նշել է, որ նոր ջրատարը «Թուրքիային կտա անկախություն եւ կամրապնդի նրա ինքնիշխանությունը»:
Ստամբուլի ջրանցքի նախագծի մասին Էրդողանն առաջին անգամ հայտարարել է 2011-ին, եւ այն կոչված է Ստամբուլի արեւմտյան մասում դառնալ նավարկության նոր զարկերակ, որը կկապի Սեւ եւ Մարմարի ծովերը: 2019 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ջրանցքով ծովային երթեւեկությունը չի ենթարկվի Մոնտրյոյի կոնվենցիային:
1936-ին Մոնտրյոյում (Շվեյցարիա) կայացած համաժողովում ընդունված կոնվենցիան պահպանել է նեղուցներով անցնելու ազատությունը միայն առեւտրային նավերի համար: Սեւծովյան եւ ոչ սեւծովյան պետությունների ռազմանավերի անցման եղանակը տարբեր է: Այսպես, թուրքական իշխանություններին նախնական ծանուցման դեպքում սեւծովյան տերությունները խաղաղ պայմաններում նեղուցներով կարող են անցկացնել իրենց ցանկացած դասի ռազմանավերը: Ոչ սեւծովյան տերությունների ռազմանավերի համար ներդրվել են էական եւ դասային սահմանափակումներ: