ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել՝ զորքերը դուրս բերելու Աֆղանստանից
МирՆԱՏՕ֊ի անդամ երկրները համաձայնության են եկել զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մասին։ «Աֆղանստանից զորքերի աստիճանական դուրսբերումը կսկսվի մայիսի 1-ին»,֊ դաշնակից երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ տեսակոնֆերանսի ավարտից հետո ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք համոզվել ենք, որ Աֆղանստանն այլևս ապաստարան չէ մեր երկրների դեմ ահաբեկչություններ կազմակերպող ահաբեկիչների համար: Մենք սկսում ենք «Վճռական աջակցություն» գործողության ուժերի դուրսբերումը մայիսի 1-ին: Հետկանչումը տեղի կունենա համակարգված և կազմակերպված ձևով: Մի քանի ամսվա ընթացքում բոլոր ուժերը կհեռանան Աֆղանստանից»,֊ասել է Ստոլտենբերգը: Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է օգնել աֆղան ժողովրդին, բայց «աֆղաններն իրենք պետք է խաղաղություն հաստատեն իրենց երկրում»: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է, որ ժամանակն է «վերջ տալու ամենաերկար պատերազմին» Ամերիկայի պատմության մեջ: Նա հստակեցրել է, որ զորքերի դուրսբերումը կավարտվի սեպտեմբերի 11-ին՝ 2001 թվականի ահաբեկչությունների 20-ամյակին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է, որ ամերիկյան զորքերն ավարտեցին իրենց առաջադրանքը Աֆղանստանում՝ ոչ միայն էապես նվազագույնի հասցնելով ահաբեկչական սպառնալիքը, այլև հնարավոր դարձնելով առաջընթաց գրանցել երկրի տնտեսական և քաղաքական ոլորտներում: