Եթե չստեղծվի պարետետային փաստահավաք հանձնաժողով, դուրս կգա՝ ով ամբիոնից ավելի բարձր է գոռում, ինքն է ճիշտ ասում. Էդմոն Մարուքյան
ПолитическиеՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում ընդունել 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը. «Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև դրա իրավունքը ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ պատրաստվում դա անել, որովհետև դրանից հետո ես չեմ կարող հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, այսինքն՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար վարչապետն էլ պետք է հրապարակայնորեն ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մարուքյանը:
Վերջինս, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարությանը, թե Օնիկ Գասպարյանից կան ձայնագրություններ, ասաց. «Մինչև չլինի պարետետային փաստահավաք հանձնաժողովը ստեղծումը, մինչև չլինի նման քննություն, բոլոր կողմերը կարող են ասել, որ սա այսպես է ասել, նա այնպես: Երեկվա հարցուպաստախանը եկավ ապացուցելու, որ մեզ քննություն է պետք, մեզ ճշմարտությունը պարզել է պետք: Հակառակ դեպքում՝ դուրս կգա, թե ով ամբիոնից ավելի բարձր է գոռում, ինքն է ճիշտ ասում, այդպես չէ...»,- ասաց Էդմոն Մարուքյանը: